Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Մարիտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին (որոշ աղբյուրներում` փետրվարի 29-ը) Նոր Նախիջևանում` Դոնի ափին, հայկական ընտանիքում, իսկ մանկությունն անցկացրել քաղաքից հեռու հայկական խուտորում: Անիից Ղրիմ, Ղրիմից Դոնի ափերը գաղթած Սարյանների տոհմը շարունակվում էր Սարգիս Սարյանի բազմանդամ ընտանքիով, որն այդտեղ ապրում էր պարզ, հնավանդ կենցաղով:
Մարտիրոս Սարյանի և արվեստի տեսաբան Վիլհելմ Մաթևոսյանի հանդիպումը համարում են ճակատագրական: Վիլհելմ Մաթևոսյանի «Զրույցներ Սարյանի հետ» գիրքը նրանց բազմաթիվ զրույցներից ինչ-որ մաս է ընդգրկում: Ձեզ ենք ներկայացնում նրա օրագրային գրառումներից այն հատվածը, որը արվեստաբանը գրառել է նկարչի ծննդյան օրը:
28 փետրվարի, 1980, Երևան
Վարպետ ջան! <…>
Գնալով ավելի սպանիչ է դառնում քեզ հետ խոսելու ցանկությունը: Իհարկե, ինձ համար մեծագույն երջանկություն էր քեզ նման հանճարեղ ընկեր ունենալը: Բայց և մեծագույնից մեծ դժբախտություն էր կորցնելը: 72 թվականից ի վեր ինձ չեմ կարողանում գտնել …
Ամիսներ աեաջ որոշեցի ինչ-որ բաներ գրառել քեզ հետ մտովի ունեցած իմ մշտակլան խոսակցությնից, ֆրագմենտներ հիշողություններից, օրս զբաղեցնող մտորումներից և այլն: Ու մեկ- մեկ գրառում եմ: Ի՞նչ է ստացվում, — դիալոգ մեռած ընկերոջ հետ? Կամ նամակներ մեռած ընկերոջը? Թող այդպես լինի!
Միշտ ականջումս է քո շեշտադրությամբ Վի՛լհե՛լմ-ը …
Եվ մեկ տարի անց, դարձյալ նույն օրը, այս ողբերգական տողերը.
28 փետրվարի, 1981, Երևան
Վարպետ Մարտիրոս! Քո ծննդյան օրն է: Ես միշտ մտքում եմ լաց լինում քեզ համար, ուրիշների աչքին աննկատելի: Իսկ այսօր … Երևի ջղերս շատ են թուլացել: Նախաճաշելիս ինքնաբերաբար արցունքներս սկսեցին լուռ հոսել ափսեի մեջ: Հրանուշը, իհարկե, նկատեց: — Ի՞նչ է պատահել, — հարցրեց: Ես հայացքս ուղղեցի դեպի պատի օրացույցը, որի թերթիկին քո վիձինով ինքնանկարի անշնորհք գծագրված (նույնիսկ ո՛չ նման) պատճենն էր: Նրա աչքերն էլ թրջվեցին …
Վարպետ ջան! Գիտեիր, որ Հրանուշը ինձ համար փառահեղ ընկեր է: Բայց դե կնոջ ընկերությունը և ընկերոջ ընկերությունը տարբեր են: Դրանցից ոչ մեկը մյուսին փոխարինել չի կարող, չնայած դրանք հավասարազոր են իբրև ընկերության դրսևորումներ: Մենա՛կ թողեցիր դու ինձ: Եվ, հակառակի նման էլ, սկսվեցին կյանքիս ամենածանր օրերը …