Այսօր ճարտարապետ Արտակ Ղուլյանի ծննդյան օրն է
Հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ին, Արցախի Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1976 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։
Աշխատանքային գործունեություն
1981-1988 թթ. աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ ճարտարապետության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով Ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ 1988-1991 ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից։ 1991-1994 Հայաստանի հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության Գիտաարտադրական արվեստանոցի Միջնադարի բաժնի վարիչ։ 1994-ից ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։ 1988-2010 համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, այժմ՝ ԵրՃՇՊՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ 2002-ից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապեության տեսության ու պատմության գծով։
Գիտական աշխատանքներ
1981 թվականից զբաղվում է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ. չափագրել է բազմաթիվ հուշարձաններ, հանդես եկել զեկուցումներով, հրատարակել հոդվածներ։ 1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2001 թվականին աշխատությունը լրամշակելով, հրատարակել է առանձին գրքով։ /Երևան, 2001թ./
Ստեղծագործական աշխատանքներ
1992 թվականին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու նախագծման ստեղծագործական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։ 2000 թվականին մասնակցել է Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած՝ քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված հուշակոթողի նախագծման մրցույթին և արժանացել խրախուսական մրցանակի։ 2005-2008 թթ. նախագծել է Մոսկվայի հայկական Մայր եկեղեցու ճարտարապետական համալիրը և Պոկլոննայա Գորա հուշահամալիրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Նույն թվականներին նախագծել է Արտաշատի Սուրբ Հովհաննես Աբովյանի Սուրբ Հովհաննես և Երևանի Էրեբունի թաղամասի Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Արաբկիր թաղամասի եկեղեցիները, ինչպես նաև նոր եկեղեցիներ Սևան և Բերդ քաղաքների համար։
2001-2008 թթ. նախագծել է հայկական նոր եկեղեցիներ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքների համար։ 2007 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի բակում Ա. Ղուլյանի նախագծով կառուցվել է ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների հուշակոթողը և նույն թվականին արժանացել ՀՀ Քաղաքաշինության նախարարության` տարվա լավագույն հուշակոթող մրցանակին։ 2007-2008 թթ. նախագծել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին՝ Հորդանանում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում։
Տպագրված աշխատանքներ
Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան, 2001 թ. /մենագրություն/։ 20 հոդված և հրապարակում՝ նվիրված Արցախի, հայ պալատական ճարտարապետության և Անիի ճարտարապետական դպրոցի հուշարձաններին։