Այսօր հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
«Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով»:
Հովհաննես Թումանյան
Այսօր հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսարքաղաքում (ուր ծնվել է նաև Զորավար Անդրանիկը) 1864 թվականի մարտի 18-ին։
20-րդ դարի սկզբին Թ. Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից։ Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող:
Թորամանյանի «Զվարթնոցի եկեղեցին» (1905 թ.) հոդվածով սկզբնավորվել է հայկական ճարտարապետության գիտական գրականությունը: Թորամանյանն ուսումնասիրել ու չափագրել է նաև Հոռոմոսի համալիրը, Արգինայի եկեղեցին, Տեկորի տաճարը, Շիրակ և Արագածոտն գավառների հատկապես V–VII դարերի հուշարձանները:
1913 թ-ին Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է Գլխավոր մրցանակի: Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918 թ-ին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը՝ որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման: Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918 թթ.) և նրան հաջորդած գաղթի տարիներին կորել են Թորամանյանի` հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծ քանակությամբ այլ նյութեր:
1921 թվականին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից:
Թորամանյանը մահացել է 1934 թվականին, Երևանում։ Նա թաղված է Հրազդան գետի ափին: