Previous Story
Այսօր երեկոյան ավարտվում է Մեծ պահքը և սկսվում է Հարության տոնը
Այսօր երեկոյան՝ Զատիկի տոնի ճրագալույցին, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, ավարտվում է Մեծ պահքը, և սկսվում է Հարության տոնը: Վաղն արդեն ողջունելով միմյանց՝ կասենք. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Սա ուրախության ու ցնծության խորախորհուրդ տոն է. Աստծո որդու խաչելության և հարության շնորհիվ մարդը վերստին արժանացավ հավիտենական կյանք ունենալու իր կոչմանը: Սուրբ Հարության տոնը հայերի մոտ ընդունված է անվանել նաև Զատիկ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Քրիստոնյա ժողովուրդը Զատիկը նշում է մեծ խանդավառությամբ՝ եկեղացական տոնին համապատասխան: Եվ ընդունված է, որ այդ օրը պետք է առատ լինեն նաև սեղանները չամչով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Հայ ավանդույթների բացառիկ կրող, նկարչուհի Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը Սուրբ Զատիկը նշում է ավանդույթի համաձայն ու նաև՝ լի սեղանով: Տոնական իրարանցումն Ագուլեցու օջախում սկսվում է նախապես դատարկված ու ժապավենով կապված ներկված հավկիթներով և Զատիկի տոնական ծառի զարդարմամբ: Ծառի ճյուղերից կախվում են տարբեր չափերի հավկիթներ ու կարմիր, կանաչ ժապավեններ: Մեծ հավկիթները խորհրդանշում են մարդու անցյալը, միջին չափի հավկիթները՝ ներկան, իսկ փոքրերը՝ ապագան: Զատկի տոնական հավկիթները դրվում են փոքր ափսեներում աճեցված ցորենի ծիլերի մեջ, որն անվանում են ածիկ: Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ. ցորենը ցանում ես`մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Լուսիկ Ագուլեցին Զատկի հավկիթները ներկում է տորոն բույսի կարմիր արմատներով, որոնք աճում են հիմնականում խաղողի այգիներում: Զատկի տոնական սեղանի ուտեստների ցանկում հաջորդը իշխան ձուկն է և խնջլոզը` բանջարի տեսակ, որն աճում է Հայաստանի լեռնային շրջաններում: Տանտիրուհու տոնական սեղանի գլխավոր ուտեստներից է տիպիկ նախիջևանյան փլավը՝ չրերով, չամիչով ու խուրմայով: Խորհրդանշական են թավայի հատակին դրվող երկու եռանկյունաձև լավաշները. «Եռանկյունին խորհրդանշում է տիեզերքը՝ երկու եռանկյունին արականի և իգականի խորհրդանիշն է»,- ասում է Ագուլեցին: Տոնական սեղանի ըմպելիքներն են՝ կարմիր գինին և տարբեր չրերից պատրաստված ղոշաբը: Նման կերպ և գուցե մի քիչ տարբեր են նշում Սուրբ Հարության տոնը քրիստոնյա բոլոր ընտանիքներում՝ բաժակ զարկելով ու տալով օրվա ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Պատրաստեց Գոհար Աբրահամյանը