Այսօր գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է
Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը թեմայով։ 1988-1991 թվականներին աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, Նաիրի հրատարակչությունում որպես թարգմանական գրականության բաժնի վարիչ, 1992 թվականից՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն։
1993 թվականից անցել է դիվանագիտական գործունեության, աշխատել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում[2]։ Հեղինակ է հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանին, արտասահմանյան գրականությանը նվիրված ուսումնասիրությունների։ Հանրապետական մամուլում հանդես է եկել հոդվածներով, էսսեներով, արձակ և չափածո ստեղծագործություններով։ Թարգմանել և հրապարակել է եվրոպական մի շարք հեղինակների ստեղծագործությունները։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է։
ԵՐԿԵՐ
1. Փորձեր և փորձություններ, էսսեների ժողովածու, Եր., 2014
2. Երգեր և վերքեր, բանաստեղծությունների ժողովածու, Եր., 2014
3. Երգերի գիրքը, բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, Եր., 2013
4. Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, Եր., 2009:
5. Հայ միջնադարյան նամակը (4-14-րդ դդ), մենագրություն, Եր., 1997:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (գերմաներենից և ֆրանսերենից)
1. Ռոբերտ Մուզիլ, Ճշգրտություն և հոգի, երկերի ժողովածու, Եր., 2004։
2. Ռայներ Մարիա Ռիլկե, Վարդի հոգին, ընտրանի, Եր., 1998։
3. Շտեֆան Գեորգե, Նոր Արքայություն, ընտրանի, Եր., 1997։
4. Բորիս Վիան, Օրերի փրփուրը, վեպ, Եր., 1992։
5. Հերման Հեսսե, Ներսը և դուրսը, պատմվածքներ, Եր., 1991։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 1999թ. արժանացելէ Ավստրիայի Հանրապետության վաստակի Ոսկե մեդալի:
2. 2005թ. արժանացելէ Ավստրիայի Հանրապետության վարչապետարանի ամենամյա թարգմանական մրցանակին:
Աղբյուրը՝ hy.wikipedia.org