Այսօր բանաստեղծ Արտաշես Արամի ծննդյան օրն է
Ծիրանի թիկնոց, խունացած քրձեր,
Հաղթ մի` ըմբիշ և մի կուզ` մուրացիկ:
Խճանկարն այն լրվում է կարծես`
Անցնող օրերի որմին ուղղաձիգ:
Եվ հուշ աստվածը ինքնահնար` գոյ,
Խավարի ֆոնին` լուսապայծառ վեմ:
Եվ թուխպ ու թոնի ծանրության ներքո
Սրբորեն տոկուն խաչերն են ծռվել:
Մեր երազները` տեղահան քոչ, ու
Ծեղ ու ծղան է թափվում երկնքից:
Պտտահողմը իբրև անկոչ հյուր,
Եվ ճաք է տալիս ծեփը մեր կյանքի:
Արտաշես Արամ
Բանաստեղծ Արտաշես Արամը (Ղազարյան Արտաշես Արամի) ծնվել է 1955 թ. հունվարի 13-ին, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում, Սասունից գաղթած շառավիղների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է հեռուստատեսությունում, «Ավանգարդ թերթում»։ Աշխատել է «Նոր -Դար» ամսագրում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների վեց ժողովածու՝ «Դեղձանիկներ» (1979 թ.), «Կապույտ տեսիլներ» (1984 թ.), «Գիշերվա ժամը» (1998 թ.), «Սփոփանքի ծաղիկ» (1999 թ.), «Նարնջագույն արշիպելագ» (2003 թ.), «Ջրերի վրա» (2008 թ.)։ «Ջութակահար թզուկը»1981 մանկական գրքույկը, «Նոեսիս» (2006 թ.) էսսեների ժողովածուն: «Նաիրյան քրոնիկոն» ժողովածուին 2006 թ. շնորհվել է «Հրանտ և Մանուշակ» գրական հիմնադրամի մրցանակ։ «Սգասյուն» տաճար» պոեմին շնորհվել է Հայաստանի Գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ 1993 թ.։