Ամսի տասնութից սկսած գործարաններն ու պահեստները լցվեցին հարյուրավոր առնետների դիակներով
Սկիզբը՝ «Ժանտախտը». Ալբեր Քամյու
Մոտավորապես այս ժամանակաշրջանում էր, որ մեր համաքաղաքացիներն սկսեցին մտահոգվել, որովհետև ամսի տասնութից սկսած գործարաններն ու պահեստները լցվեցին հարյուրավոր առնետների դիակներով: Որոշ դեպքերում ստիպված էին սպանել անասուններին, որոնց հոգևարքը երկար էր տևում: Բայց ծայրամասային թաղամասերից մինչև քաղաքի կենտրոնը, ամեն տեղ, որտեղից բժիշկ Ռիեն անցնում էր, այն բոլոր տեղերում, ուր մեր համաքաղաքացիները հավաքվում էին, առնետները կույտերով լցված էին աղբարկղներում, կամ երկար շարքերով շարված առվակների մեջ: Այդ օրվանից երեկոյան մամուլը զբաղվեց դրանով, հարց տալով, արդյո՞ք քաղաքապետարանը,– այո, կամ ոչ,– պատրաստվո՞ւմ էր տեղից շարժվել, և ի՞նչ շտապ ձեռնարկումներ էր նախատեսում՝ ապահովելու համար իր ենթականերին այդ զզվելի հարձակման դեմ: Քաղաքապետարանը ոչինչ չէր նախատեսել և բացարձակապես ոչինչ չէր ձեռնարկել, բայց սկսեց ժողով գումարել հարցը քննարկելու համար։ Հակաառնետային սպասարկությանը հրաման տրվեց ամեն օր, արշալույսին հավաքել սատկած առնետները: Հավաքելուց հետո քաղաքապետարանի երկու ավտոմեքենա անասուններին պետք է տանեին աղբակիզման կայան՝ նրանց ևս այրելու համար:
Բայց հաջորդող օրերին դրությունն ավելի լրջացավ։ Հավաքված կրծողների թիվը գնալով մեծանում էր, և յուրաքանչյուր առավոտ հունձքն ավելի առատ էր լինում: Չորրորդ օրվանից առնետները սատկելու համար սկսեցին խմբերով դուրս գալ: Խորշերից, նկուղներից, շտեմարաններից, կոյուղիներից երկար երերացող շարքերով նրանք դուրս էին գալիս, լույսի տակ դողդողում, իրենք իրենց շուրջը պտտվում էին ու սատկում մարդկանց աչքի առջև: Գիշերը նրբանցքներում ու նեղլիկ փողոցներում հստակորեն լսվում էին նրանց ցավ արտահայտող ցածր ճիչերը: Առավոտյան, արվարձաններում կարելի էր նրանց տեսնել առվակում պառկած՝ արյան փոքր շիթը սուր դնչերի վրա, մի մասը ուռած և նեխած, ուրիշները՝ դեռևս սուր բեղիկներով փայտացած: Նույնիսկ քաղաքի կենտրոնում, սանդուղքների վրա կամ բակերում կարելի էր հանդիպել նրանց կույտերին: Նրանք առանձին–առանձին գալիս էին սատկելու վարչական գրասենյակներում, դպրոցների զբոսասրահներում, երբեմն նույնիսկ սրճարանների պատշգամբներում: Մեր ապշած համաքաղաքացիները նրանց գտնում էին քաղաքի նույնիսկ ամենամարդաշատ վայրերում: Նրանք հայտնվում էին Զենքի հրապարակում, ծառուղիներում, ծովափնյա զբոսավայրերում: Առավոտ կանուխ սատկած անասուններից մաքրված քաղաքը, օրվա ընթացքում, կամաց–կամաց նորից լցվում էր գնալով բազմաթիվ դարձող այդ անասուններով: Պատահում էր, որ գիշերային զբոսնողը մայթի վրա, ոտքերի տակ զգար դեռևս թարմ դիակի առաձգական զանգվածը: Կարելի էր ասել, որ նույնիսկ հողը, որի վրա մեր տներն էին կառուցված, մաքրվում էր խոնավության իր բեռից, թողնում էր մակերես բարձրանալ ուռուցքներ և թարախ, որոնք մինչ այդ այնտեղ փակված էին գործում: Պատկերացրեք մեր քաղաքի զարմանքը, մինչև այդ այնքան խաղաղ, մի քանի օրում հանկարծ փոթորկվել էր, նման շատ առողջ մարդու, որի արդեն թանձրացած արյունը մի հարվածով ապստամբել էր:
Գործերն այնքան հեռու գնացին, որ Ռանսդոկ գործակալությունը (լուրեր, փաստագրություններ, ամեն տեսակ տեղեկություններ) վերջին լուրերի իր ձրի ռադիոհաղորդման ժամին տեղեկացրեց, որ միայն ամսի տասնհինգի ընթացքում հավաքվել ու հրկիզվել է հազար երկու հարյուր երեսունմեկ առնետ: Այս թիվը, որ հստակ պատկերացում էր տալիս քաղաքի աչքի առջև տեղի ունեցող ամենօրյա տեսարանի մասին, ավելացրեց խառնաշփոթը: Մինչ այդ մի քիչ տհաճ այս երևույթի մասին սոսկ բողոքում էին: Այժմ մարդիկ տեսան, որ այս երևույթը, որի ոչ տարողությունը կարող էին ճշգրտել, ոչ էլ աղբյուրը բացահայտել, սպառնալիք ուներ իր մեջ: Միայն շնչարգելությամբ տառապող մեր իսպանացին շարունակում էր ձեռքերը շփել ու կրկնել ծերունական հաճույքով. «Դուրս են գալիս, դուրս են գալիս»:
շարունակելի