Ամբոխի մեջ հանկարծ հայտնվեց սևահոն, սևակ, թեև պատանի, բայց մի բանաստեղծ
Գործունեության վաղ արշալույսին, օրերիս հորիզոնի վրա արեգակի պես ծագեց … և իր կրակե ծիրը հազիվ սկսած` արյան ամպի մեջ ասուպի պես սուզվեց: Բա՛յց նրա մահասարսուռ անկման հիշողությունը, սպանող դաշույնի հարվածի նման արյունոտ հոգուս վրա քանդակվեց … և հայրենահամ նրա տողերի ցավոտ թովչանքը հիշողությանս ականջներին խոսեց, խոսում է … և դեռ չլռեց: Վաղուց, շա՜տ վաղուց, մի ներկայացման հոգեթով պահին, ամբոխի մեջ հանկարծ հայտնվեց սևահոն, սևակ, թեև պատանի, բայց մի բանաստեղծ … և ճանապարհի փոշին դեռ վրան, հայաշունչ թատրոնի շուրջ հավուր պատշաճի ճառ արտասանեց: Այնքան սիրեցի ես այդ տղեկին, և արտասանած նրա խոսքերը մտքիս ծալքերում մեխվեցին այնպես, և որ հետագա օրերիս հոլովման մեջ, թեև իմ ճամփին այլևս չհանդիպեցի, բայց հոգուս խորքերում պահեցի նրան անանց, անմոռաց, այնպես հարազատ … որ այսօր, այո, չեմ կարող և չեմ էլ ուզում պոետի ձայնը … պոետի տավղիցը զանազանել: Եվ ծանր գիշերներիս մղձավանջի մեջ, երբեմն ընդոստ զարթնում ու լսում եմ ողեգալար յոթնաղի տավղի խզված լարերի ողբակոծ ճիչը, որոնց թրթռումը մշտնջենական բողոքի նման, տավիղ կործանող սրիկաների սև հիշատակին հրո խարազանն եղավ, քանի կան օրեր, հավիտենական ու անհաղորդ տիեզերքի մեջ:
Վահրամ Փափազյան «Սրտիս պարտքը»