«Ամանորի շնորհավորական բացիկդ ստացա». Հովհաննես Շիրազ
Ամանորի շնորհավորական բացիկդ ստացա, — ասաց Շիրազը, — հուզվեցի, հրատարակչության շնորհավորանքը կարևոր է: Գրողն առանց հրատարակչության նույնն է, ինչ ձուկն առանց ջրի: Դե, որ այդքան ջերմ շնորհավորանք ես ուղարկել, նոր տարվա ցանկություններս լսիր, Հատորներս հրատարակենք, լույս աշխարք բերենք «Հայոց Դանթեականը», «Անին», «Քառաձայն պատարագը», իմ բոլոր գործերը: Ռուս թարգմանիչներ հրավիրեք և իմ գործերից մի հզոր հատոր լույս ընծայեք … Վերմիշևի «Ամիրպասալար» վեպը հայերեն հրատարակենք, շատ պետքական գիրք է: «Հայ մատենագիրներ» և «Սփյուռքահայ գրողներ» մատենաշարերը շատ օգտական են, եթե կարող եք, տարեկան մի քանի հեղինակի երկերի ժողովածու տպագրեք: Ժամանակակից հեղինակների գործերի վերահրատարակչությունները մի երկու տարով դադարեցրեք, որ նոր բաներ գրենք: Կյանքից հեռացածներին պիտի շատ վերահրատարակել: Դրանով են նրանք նորեն կյանքի կոչվում:
Լսեցի, որ «Հայկական մանրանկարչություն» գրքի վրա երկու կիլոգրամ ոսկի և նույնքան էլ արծաթ եք օգտագործել, ճի՞շտ է:
— Այո, հոլանդական, տպագրական ոսկի:
— Իսկ իմ հանճարեղ գրքերի վրա ե՞րբ եք ոսկի ծախսելու: Վահրամ Ալազանի,
Գուրգեն Մահարու, Մկրտիչ Արմենի, Գառնիկ Ղազարյանի (հին բոլշևիկ է), Վաղարշակ Նորենցի գործերին ուշադրություն դարձրեք … Համո Սահյանի «Քարափների երգը» հրաշալի է ստացվել, այդպիսի մի գիրք էլ իմ գործերից հրատարակեք: Տեսնո՞ւմ ես, ինչքան բան խնդրեցի:
Խիկար Բարսեղյան «Շիրազ»