Ամանորի` առատությունն ու հաջողությունն ապահովող ծիսական սովորույթներեն ու ծիսագուշակությունները հայոց մեջ
Տոնի անունը հայերը հիշում էին մի քանի ձևով՝ Նավասարդ, Ամանոր, Կաղանդ կամ Կաղինդ, Տարեմուտ, Նոր տարի, Տարին գլուխ, Կալոնտար, Նախրաթող, իսկ նախորդող գիշերը՝ Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կաղ կամ Կախ, Ծակըմուտ անուններով: Նոր տարվա տոնակատարությունը կապված էր ընտանեկան և համայնքային հարաբերությունների բարելավման, տնտեսության բարգավաճման, մարդու կյանքի նորացման գաղափարի հետ: Այս վերջինն էլ ենթադրում էր տոնի նախօրյակին խռովությունների վերացում, պարտքերի վճարում՝ տարին մաքուր խղճով դիմավորելու, փոխայցելություններն ու բարեմաղթանքները լիարժեք դարձնելու նպատակով: Նոր տարին պիտի դիմավորեին նորոգված հացով, ջրով, կրակով:
ՀԱՑԸ. նորոգում էին թթխմորը, նոր հաց թխում, եթե անգամ տանը շատ հաց կար: 8-10 տարեկան աղջնակի ձեռքով արված խմորը թողնվում էր ինքնաբերաբար թթվելու, թխվում էր ակշաթաթի վրա. այդ հացը կերցնում էին երեխաներին, որպեսզի փորացավ չունենան: Տարվա ընթացքում հացի առատությունն ապահովելու նպատակով թրջված հացի կտորներ էին պահում ամբարներում, կերցնում էին կենդանիներին, «հացի հոր» կոչվող կլոր ծակ հացերը կախում էին պատից:
ՋՈՒՐԸ. կեսգիշերին (երբ ամեն ինչ ոսկի է դառնում) երիտասարդները (որոշ տեղերում՝ տարեցները) գնում էին գետը՝ ջուր բերելու՝ նախապես գետին ցորեն նվիրաբերելով: Այդ ջրով էին լցնում ջրի բոլոր անոթները, ցանում էին տան անկյուններում:
ԿՐԱԿԸ. Ամանորին օջախն անմար էր պահվում: Թոնիրը մաքրելուց հետո նրա մեջ դնում էին մեծ քոթուկ, որպեսզի մինչև Ծննդյան երեկոն կրակն անմար մնար: Քոթուկի խանձողները թաղում էին հանդերում՝ բերքի առատությունն ապահովելու և այն կարկուտից պաշտպանելու նպատակով: Օջախի կրակի պայծառությունը պիտի ապահովեր ընտանիքի կյանքի պայծառությունը և ջերմությունը տարվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ Նոր տարվա օրերին կարևորվում էին առատությունն ու հաջողությունն ապահովող միջոցները, որոնք ստացել էին ծիսական բնույթ: Վաղ առավոտից միջոցներ էին ձեռնարկում ողջ տարվա ընթացքում տան առատությունն ապահովելու համար: Կժերը լցնում էին ջրով, սեղանին դատարկ աման չէին թողնում, դատարկ ձեռքով տուն չէին մտնում (ամեն անգամ տուն մտնելիս փայտի կտոր էին բերում և գցում թոնիրը), հատկապես թթխմոր ու դրամ փոխ չէին տալիս, ծախս չէին անում: Դաշտերում ցորեն ու գարի էին շաղ տալիս, յոթ աղբանոցից փայտի խշուրներ էին հավաքում և գցում իրենց աղբանոցը, միմյանց ընծայում էին գուլպա, թաշկինակ, գլխաշոր, այցելուների գրպանները ընդեղեն ու քաղցրավենիք լցնում, թարմ ու չոր մրգեր նվիրում (մրգի ընծայումը խորհրդանշում էր պտղաբերումը, բերքառատությունը), հարսնացուներն ու փեսացունեը կատարում էին ծիսական խնձորափոխանակություն: Տան ավագները երեխաների ծոցն ու գրպանները լցնում էին չոր մրգեր, ընդեղեն, քաղցրավենիք, նրանց ուրախացնում հատուկ իրենց համար թխված խմորեղենով: Որոշ տեղերում ընթրելուց առաջ երեք բուռ կաղին էին նետում տանիք՝ «Շե՛ն կենաս, Կոլոնտար» բառերով: Ուշադրություն էին դարձնում նաև կենդանիներին. գոմերում հարդ էին շաղ տալիս, նրանց առատ կեր տալիս, բերաններին քսում մեղր, հարիսայի կամ քյաշկայի յուղից:
Կատարում էին զանազան հմայական գործողություններ՝ ողջ տարվա ընթացքում տան հաջողությունն ապահովելու համար: Դռները զարդարում էին խաչերով ու կարմիր թելերով, ճյուղերին կարմիր կտոր կապում, դրսում կարմիր շոր փռում, որպեսզի տարին անցնի «կարմիր օրերով», կովերի պոչին կարմիր թել կապում, գոմեշների աջ եղջյուրին կլկալ անցկացնում: Տան դուռը երբեք փակ չէին թողնում: Վաղ առավոտյան տան ավագը մատուցարանի վրա շարում էր հաց, գինի, մեղր, 4 խնձոր և վրան՝ 4 վառվող մեղրամոմ, այն պտտում էր տան անկյունները, ապա դուրս գալիս, աղոթում աստծուն, որից հետո տանեցիներին հրավիրում էր հաց ու մեղր ճաշակելու: Մեղրից խաչաձև քսում էին դռան ճակատին և վառած մեղրամոմի ծխով այն սևացնում:
Գուշակությունները կազմում էին Նոր տարվա տոնակատարությունների անբաժանելի մասը: «Ղառղռի կլիկ» կոչվող կլոր հացիկները դնում էին կտուրին կամ դեզերի վրա և հետևում այն կտցող ագռավների թռիչքի ուղղությանը. այդ կողմից էլ սպասվում էր ապագա հարսնացուն կամ փեսացուն: Գիշերը մոմի լույսի տակ պատին գծագրվող մարդու պատկերի լուսավորությամբ կամ ստվերի ձևից գուշակում էին նրա լուսավոր կամ անորոշ ապագան տվյալ տարվա համար: Թասի մեջ դրված լվացած ձվի կողքին աղջիկները դնում էին հինա և ածուխ՝ թասը թողնելով թոնրի շրթին: Առավոտյան կարմրած ձուն կարմիր բախտ էր կանխանշում, սևացած ձուն՝ սև բախտ կամ մահ: Նոր տարվա առաջին օրը հայրն առաջին անգամ գոմ էր մտնում տանեցիների ուղեկցությամբ և հետևում, թե ձին առաջինը ո՞ր ոտքը կբարձրացնի. աջը բարեբախտություն էր նախանշում, ձախը՝ դժբախտություն: Գուշակության միջոցներ էին նաև Նոր տարվա թխվածքները, որոնց մի մասը ծիսական էր և խորհուրդ ուներ: Դրանց մեջ առանձնանում էր տոմարի և օրացույցի իմաստի հետ կապվող Տարեհացը: Ծիսական ձևով թխվող շրջանաձև, բոլորշի (տարբեր վայրերում նաև խաչաձև, ձվաձև, քառակուսի) տեսք ունեցող այդ գաթան պատկերում էր երկնային լուսատուներին, իսկ նրա մեջ դրվող մետաղադրամը կամ ընկույզը բախտագուշակության նպատակով: «Տարին» պատրաստելու իրավունքը տատինն էր կամ մորը: Մինչդեռ հարսներին էր վերապահվում վասիլների (տիկնիկ) և քիսաների (քսակ) պատրաստման իրավունքը. դրանց թիվը սահմանափակ էր և նախատեսվում էր ամուսնացած զույգերի համար: Պահվում էր թխելու ծիսական ձևը՝ բոլորի ներկայությամբ՝ ըստ տարիքի նվազման կարգի: Գուշակությունները սկսվում էին հենց թոնրի շուրջ: Ուռած քիսան տարվա ընթացքում տիրոջ բարեկեցության նախագուշակն էր, սմքած, կուչ եկածը՝ հակառակն էր խորհրդանշում: Հարսի ուռած վասիլը այդ տարի նրա որդեծնության նշանն էր: Կուտ գնացած խմորեղենը տիրոջ կորչելու կամ մահվան նախանշանն էր: Քիսաներ թխվում էին նաև ցորենի և գարու առատության համար՝ հորի տեսքով, յուղի համար՝ խնոցու, եզների համար՝ լուծի, կովերի համար՝ չորս պտուկի, հավերի համար՝ կրիչ-ջրամանի տեսքով: Բոլոր դեպքերում թխվածքների խորհուրդը նույնն էր:
Նյութը պատրաստեց Կարինե Զիլֆիմյանը