Ալեքսանդր Թամանյանի կնոջ` Կամիլլա Թամանյանի հուշերից
Դժվար է, շատ է դժվար գրել իմ ամենամոտ մարդու մասին, որն սկսած 1900 թ. իմ երիտասարդության տարիների ընկերն էր, և ապա 1908 թ. դարձավ իմ ամուսինը և կյանքիս անբաժան ուղեկիցը:
Չնայած ծանր վերապրումների մեջ եմ, բայց և այնպես, փորձում եմ գրել իմ հուշերը, թող ընթերցողներն ինձ ներեն, եթե շատ բան, գուցե և կարևոր դեպքեր, բաց թողնեմ։
Ես ծնվել եմ 1885 թ., Պետերբուրգում, Անգլիայից Ռուսաստան փոխադրված Մատվեյ Ցակովլևիչ էդվարսի ընտանիքում: Հայրս ճոպանի տնայնագործական փոքր գործարան ուներ Պետերբուրգի Օխտա արվարձանում։ Մայրս՝ Կամիլլա Նիկոլաևնան, հայտնի ռուս ճարտարապետ Նիկոլայ Լեոնտովիչ Բենուաի դուստրն էր: Նրա եղբայրները` իմ քեռիները՝ Ալեքսանդր, Ալբերտ, Լեոնտի, Միխայիլ և Նիկոլայ Բենուաները, հետագայում ճանաչվեցին որպես ռուս արվեստի նշանավոր գործիչներ։
Ալեքսանդր Թամանյանի հետ առաջին անգամ ես հանդիպել եմ, երբ նա Գեղարվեստից ակադեմիայի ուսանող էր՝ 1899-1904թթ., իմ մորաքրոջ` Եկատերինա Նիկոլաեվնա Լանսերեի ընտանիքում, որը հայտնի քանդակագործ Եվգենի Լանսերեի այրին էր: Նրա տանը, ինչպես ընդունված էր Պետերբուրգի հայտնի ընտանիքներում, շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերը երիտասարդություն էր հավաքվում, հիմնականում նրա որդիների և աղջիկների ընկեր ընկերուհիները, մորաքրոջս որդիները՝ Եվգենի Եվգենեվիչ և Նիկոլայ Եվգենեվիչ Լանսերեները, որ հետագայում ճանաչված արվեստագետներ դարձան. մեկը՝ նկարիչ, մյուսը՝ ճարտարապետ, սովորում էին Գեղարվեստից ակադեմիայում. հավաքույթներում լինում էին մեծ մասամբ Ակադեմիայի ուսանողներ, դրանց թվում և երիտասարդ Թամանյանը: Այդ հավաքույթներում հաճախ լինում էին նաև իմ քեռիները՝ Բենուաները, որոնք նույնպես Գեղարվեստից ակադեմիայի սաներ էին:
Մեր հավաքույթներն անցնում էին շատ ուրախ և բովանդակալից։ Այդ ժամանակ ես նոր էի ավարտել Պետերբուրգի Ստայունինայի մասնավոր գիմնազիան։ Մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ Թամանյանն ինձ վրա թողեց մեծ տպավորություն, բարձրահասակ, համակրելի, ինքնատիպ դիմագծեր, սպիտակ գեղեցիկ ատամնաշար, սև մազեր, որով նա այնքան տարբերվում էր իր ռուս ընկերներից։ Երիտասարդ Թամանյանն իր աշխույժ և ուրախ բնավորությամբ մեր երեկույթների կենտրոնն էր։ Ակադեմիան ավարտելուց հետո, նա հաճախ էր լինում մեզ մոտ։ Այդ տարիներին նա իմ ավագ քրոջ՝ Ելեն Մատվեեվնա Շմերինգի համար Ցարսկոյե Սելոյի երկաթգծի «Վիրիցա» կայարանում ամառանոց էր կառուցում։
Թամանյանի հայրը՝ Հովհաննես Միրոնովիչը, և մայրը՝ Մարիա Էմմանուելովնան, ծագումով Նոր Նախիջևանի հայերից էին։ Թամանյանի պատմածից գիտեի, որ նրա հայրը ունեցել էր գալանտերեայի մի փոքր խանութ, սակայն 1900 թվականին, անհաջողության հանդիպելով, փակել էր այն և հաշվապահություն էր անում զանազան հիմնարկներում և, այդպիսով, մի կերպ, պահում բազմանդամ ընտանիքը, նա ուներ հինգ որդի և երեք աղջիկ: Ալեքսանդրը չորրորդն էր։ Թեև լավ չէին ընտանիքի տնտեսական պայմանները, այնուամենայնիվ բոլոր եղբայրները ստացել էին բարձրագույն կրթություն, բացի կրտսեր եղբորից՝ էմմանուելից, որը 1914 թ. պատերազմի պատճառով, չկարողացավ ուսումը շարունակել։ Թամանյանի մյուս երեք եղբայրներն էլ իրավաբանական կրթություն էին ստացել։ Եղբայրները իրար հետ խոսում էին, ինչպես հետո ինձ բացատրեցին, Նոր Նախիջևանի բարբառով։ Թամանյանը հոր հետ նամակներ էր փոխանակում հայերեն, Մինչև օրս հիշում եմ իմ սկեսրարի մանր, մարգարտաշար ձեռագիրը։
Դեռ Եկատերինադարի ռեալական դպրոցում Թամանյանը իր նկարներով գրավում է նկարչության դասատու, ակվարելիստ Ալեքսանդր Նիկոնորովիչ Կուրոչկինի ուշադրությունը։ Կուրոչկինը խրախուսում և հորդում է Թամանյանին, որ նա ուսումը շարունակի Գեղարվեստից ակադեմիայում, և նա դպրոցն ավարտելուց հետո, մեծ զոհողությունների գնով գնում է Պետերբուրգ Ակադեմիա ընդունվելու համար:
Նկարչության քննության ժամանակ նա, օգնելով իր ընկեր Կրաչկովսկուն, որը երկրորդ, թե երրորդ անգամ էր քննություն տալիս, իր նկարը չի կարողանում վերջացնել սահմանված ժամկետում և այդ իսկ պատճառով, այդ տարում, նա Ակադեմիա չի ընդունվում։ Հաջորդ՝ 1898 թ., հաջող քննություններ տալով, ընդունվում է Ակադեմիայի Գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական բաժինը: Ակադեմիայում Թամանյանի մտերիմ ընկերներն էին Նիկոլայ Եվգենևիչ Լանսերեն, Վլադիմիր Ալեքսանդրովիչ Շչուկոն, Լոգին Լոգինովիչ Շրետերը, Վասիլի Միխայլովիչ Սոկոլովը: